BBC-ի տեղեկացմամբ՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առայժմ չի ցանկանում նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, որպեսզի չվնասի խաղաղ գործընթացին։ Նրա դիտարկմամբ՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը պետք է մնար Եվրոպայի խնդիրը, ԱՄՆ-ը չպետք է միջամտեր, և եթե էական առաջընթաց չլինի, ԱՄՆ-ը իր դերը կարգավորման հարցում կզիջի Եվրոպային։ Նա հավաստիացրել է, որ ամերիկացի զինվորներ ՈՒկրաինայում չեն լինի։                
 

«Ես մեծ հույս ունեմ, որ Գյումրին կտեսնեմ վերականգնված»

«Ես մեծ հույս ունեմ, որ Գյումրին  կտեսնեմ վերականգնված»
12.11.2013 | 11:30

Նոյեմբերի 10-11-ին Հայաստանում համերգներով հանդես եկավ Ռուսաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը` գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր ՎԼԱԴԻՄԻՐ ՍՊԻՎԱԿՈՎԻ գլխավորությամբ:
Երևանյան համերգը կայացավ «Արամ Խաչատրյան» համերգասրահում: Այն նվիրված էր Հայաստանի կամերային նվագախմբի հիմնադիր, անվանի ջութակահար, ալտահար, դիրիժոր Զարեհ Սահակյանցի 80-ամյակին:
Մեկ օր անց նվագախումբը ելույթ ունեցավ Գյումրիում` իր համերգով եզրափակելով «Գյումրին 2013 թ. ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» միջոցառումների շարքը:
Որպես մենակատարներ հանդես եկան Ալեքսանդր Ռոմանովսկին (դաշնամուր, Իտալիա), Վասիլի Լադյուկը (բարիտոն, Ռուսաստան), Ջուլիետ Գալստյանը (մեցցո-սոպրանո, Շվեյցարիա) և Հասմիկ Պապյանը (սոպրանո, Հայաստան):
Ռուսաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հայաստանյան համերգները կայացան Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության մշակույթի նախարարությունների և ԱՊՀ երկրների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի աջակցությամբ:
Կազմակերպիչը Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբն էր:
Ինձ բախտ վիճակվեց ներկա գտնվելու Երևանում և Գյումրիում կայանալիք համերգների գլխավոր փորձին «Արամ Խաչատրյան» համերգասրահում, վայելելու այն ստեղծագործ մոգական մթնոլորտը, որում ծնվում է իսկական երաժշտությունը:
Փորձից հետո մեկ-երկու բառ փոխանակեցի Հասմիկ Պապյանի հետ, ով խոստովանեց, որ երևանյան համերգն իր համար անակնկալ էր: «Ես Հայաստան եմ եկել` Գյումրիում կայանալիք համերգին մասնակցելու համար, չգիտեի, որ Երևանում էլ պիտի երգեմ: Այս գիշեր եմ եկել ու անակնկալից մի քիչ շփոթված եմ»,- ասաց նա: Բայց, դատելով փորձի ընթացքում նրա ելույթից և մոսկովյան երաժիշտների անթաքույց հիացմունքից, ականատեսի իրավունքով կարող եմ վկայել, որ աշխարհի մեծագույն բեմերը նվաճած մեր Պրիմայի համար որևէ հանկարծահաս անակնկալ անհաղթահարելի չէ:
Չնայած երկարատև փորձից հետո մաեստրո Սպիվակովը չափազանց հոգնած էր, այնուամենայնիվ, պատասխանեց «Իրատես de facto»-ի երկու հարցին:
Վլադիմիր Սպիվակովը բազմաթիվ հեղինակավոր միջազգային երաժշտական մրցույթներում (Փարիզում, Ջենովայում, Լոնդոնում, Մոնրեալում) ներգրավված է որպես ժյուրիի անդամ, նախագահում է Իսպանիայում Սարասատեի անվան ջութակահարների միջազգային մրցույթը: Այն հարցին, թե ի՞նչն է նա առավել կարևորում երիտասարդ երաժշտի մեջ, ինչպիսի՞ հատկանիշներ պիտի ունենա կոնկուրսանտը, որ արժանանա իր մասնագիտական համակրանքին, Մաեստրոն պատասխանեց. «Վառ անհատականություն լինելն է ամենակարևորը, երբ մարդն ինքն իրենից չի վախենում: Երբ կարողանում է արարել, արարել ինքնուրույն: Կարևոր է, որ նա կարողանա կտրվել յուրացված տեքստից, ուսուցչի խրատներից: Այդ դեպքում հասկանալի է, որ դափնեկիր դառնալուց հետո նա ոչ թե կվերածվի երկրից արձակված արհեստական արբանյակի, որը թռչում է երկինք, հետո այրվում մթնոլորտում, այլ հայտնվելով երաժշտական մթնոլորտում` կշարունակի ապրել, որովհետև ինքն անհատականություն է»:
-Ձեզ հատկապես ի՞նչն է հետաքրքրում Գյումրիում, գյումրեցիների կյանքում, ինչի՞ մասին առաջին հերթին կցանկանայիք տեղեկանալ,- հարցրինք Գյումրու և գյումրեցիների կյանքում իր անուրանալի երախտիքն ունեցող երաժշտին (մեր ճեպազրույցը կայացել է Գյումրի մեկնելուց առաջ):
-Ես մեծ հույս ունեմ, որ Գյումրին կտեսնեմ վերականգնված, կտեսնեմ մարդկանց, որոնք բնակարան են ստացել, ապրում են նորմալ կյանով: Այս մասին եմ երազում: Որովհետև ես տեսել եմ այդ մղձավանջը, այդ խորտակված կյանքերը, այդ ողբերգությունը` իսկապես ահավոր: Դա դաջվել է իմ հիշողության մեջ ու այդպես էլ ապրում է ինձ հետ, ինչպես ձեզ բոլորիդ հետ: Այնպես որ, ես ցանկանում եմ, որ Գյումրին վերականգնված լինի,- պատասխանեց Վ. Սպիվակովը` աչքերում դժվարությամբ սանձելով արցունքը:


Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 2112

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ